Ծանր ու դժվարին օրեր էին. չարագույժ ամպեր էին պարուրել հոգիս ու միտքս: Վիրավորանքս անսահման խոր էր, նույնիսկ ավելի, քան տարիներ առաջ, երբ ձերբակալվեցի՝ բոլոր հասկանալի հետևանքներով: Նեղսրտած էի նաև այն առումով, որ ինձ շրջապատող երբեմնի մտերիմներս փութաջանորեն լքում էին ինձ, հատկապես դանակավոր էին դարձել այնպիսի մժղուկներ, ում տգիտությունն ու ստորաքարշությունը պարզապես լուրջ չէի ընդունել և մեծահոգաբար հանդուրժել էի նրանց… Եվ հանկարծ, այդ հոգեվիճակում, Ամանորի և Սուրբ ծննդյան շնորհավորական բացիկ եմ ստանում ՋԵՄՄԱ ԱՆԱՆՅԱՆԻՑ, որտեղ բարեմաղթանքների հետ նա հիշատակել էր Մեծ լոռեցու հայտնի տողերը՝ «Գլխովը շատ ամպեր կանցնեն, Սարը միշտ կա անսասան», ապա իր գեղեցիկ վայելչագրով ավելացրել՝ «Հարգարժան Դավիթ, իմ լավ բարեկամ, Սար եղիր…»։ Չգիտեմ, թե որքանով է պարկեշտ առանց հեղինակի թույլտվության մեջբերել նրա տողերը, բայց հայցում եմ տիկին Ջեմմայի ներողամտությունը: Բացիկը պահպանում եմ առայսօր, կպահպանեմ ընդմիշտ, ծայրահեղ հիասթափության կամ երկվության պահերին այն ինձ ուժ և լավատեսություն է ներշնչում, որովհետև քաջածանոթ եմ բացիկի հեղինակին, այդ եզակի մտավորականին և պետական-ազգային գործչին, նրա կյանքին և գործունեությանը, հավատում եմ, որ եթե նա է ասում, եթե նրա մաղթանքն է, ուրեմն այդպես պետք է լինի, հետևաբար պարտավոր ես չթուլանալ, այլ կենտրոնացնել բոլոր ուժերդ և հաղթահարել ինքդ քեզ, չվհատվել, այլ ապավինել նրա խոսքին ու կամքին, որովհետև այդ է հուշում նրա բազմափորձ կենսագրությունը:
Ինձնից ավագների ու իմ սերնդակիցների շրջանում դժվար թե գտնվի մեկը, ում անծանոթ է Ջեմմա Անանյան անունը, գոնե հեռակա կարգով: Այդ անվան հետ են կապվում շատ ու շատ իրադարձություններ մեր կյանքի խորհրդային և հետխորհրդային շրջանում, հատկապես քաղաքական իրադարձությունների և ազգային խնդիրների ծիրում: Նրան ճանաչողների կողմից առաջին որակումը, վստահ եմ, որ կլինի հայրենանվիրությունը: Մեկ անգամ չէ, որ նա բացառիկ հանդգնությամբ և անթաքույց ընդվզումով ապացուցել է իր քաղաքացիական ընդգծված սկզբունքայնությունն ի շահ արդարության, ի շահ մարդկայնության և գեղեցիկ ապրելակերպի, հակադրվել ապազգային նկրտումներին և պաշտպան կանգնել իր ազգի և հայրենիքի դեմ ցանկացած դրսևորման թե ամենաբարձր ամբիոններից, թե գործնականում, թե գրչով ու խոսքով:
Ջեմմա Անանյանի աշխատանքային գործունեության 60 և ծննդյան 80-ամյակներին նվիրված «Ապրելու երաշխիքը» ժողովածուն մղում է վերհիշելու մի ամբողջ դարաշրջան, որը ոչ միայն անդրադարձ է անհատի կյանքի և գործունեության առանցքային փաստերի, այլև այդ անձի գործողությունների դրսևորման շարժառիթներին և պատճառներին, դրանց արդյունավետությանը, որոնք չեն սահմանափակվում զուտ անձնականությամբ, այլ ձեռք են բերում անանձնական իմաստ ու բովանդակություն, դառնում հանրության և ժամանակի նկարագիրն ու իրադարձությունները պատկերող վկայություններ:
Ժողովածուն ունի ենթավերնագրային ուղղորդում՝ «Հուշ, Հավատք, Գիր… Հիշողություն», հասկացություններ, որոնց հավաքականության մեջ են այն նվիրական միտումները, որոնք ընկած են ոչ միայն գրքի տրամաբանական հիմքում, այլև հեղինակի կամ ժողովածուի գլխավոր հերոսի գաղափարական զինանոցի բանալին են: Ապրելու իրավունքը ենթադրում է նախ և առաջ գոյության իրավունքի իմաստավորում, արժանապատվորեն ապրելու պատվախնդրություն, հետևաբար նաև անհրաժեշտ երաշխիքներ: Հասկացություններ, առանց որոնց անհնար է պատկերացնել մարդկային առաքինություններ կրող անհատին, անհնար պատկերացնել ներկան, առավել ևս՝ գալիքը, որովհետև ժամանակային երեք չափումները բաղդատվում են մտածողության մեջ պայմանականորեն, իրականում հանդես են գալիս որպես մտավոր նկարագրի ամբողջականություն: Հակառակ պարագայում կաղճատվեն աշխարհընկալումդ, ինքնությունդ, եսդ: Իսկ ժամանակային պայմանական բաժանումներում, շնորհիվ շատ ու շատ պետական գործիչների վկայությունների, որոնք սեղանին են դրվում նրանց հուշագրությունների, ինքնակենսագրական հետադարձ վերլուծությունների և այլ հիշատակությունների շնորհիվ, ակնհայտ է դառնում մի պարզ ճշմարտություն՝ ոչ թե հասարակարգը, այլևայլ օրենքներն ու կանոնակարգերն են կերտում ժամանակը, այլ մարդ արարածն ինքը՝ իր տեսակով, նաև կյանքի և ապրելու մասին իր փիլիսոփայությամբ, մնացյալն ածանցյալ են և կարող են նպաստել կամ խոչընդոտել՝ հեշտացնելով կամ դժվարացնելով քո ինքնադրսևորման հնարավորությունները, բայց միևնույն է, գլխավոր դերակատարն արարումների և ավերումների անհատն է իր աշխարհընկալմամբ և ներաշխարհով և դրանք կյանքի կոչելու հաստատակամությամբ: Այսօրինակ մոտեցման բացառման տգետ մոլագարությունը ջրի երես հանեց ժամանակին անկախ պետականության «արարմանը» նախանձախնդիր գործիքների, որոնք պատրաստ էին մեծագույն հաճույքով սուրն առած ընկնել իրենց ավագների՝ հայրերի և պապերի հետևից ու թրատել նրանց վաստակը՝ մեղադրականներ հնչեցնելով Հայրենական մեծ պատերազմին մասնակցելուց մինչև կոմունիստական կուսակցությանն անդամագրվելը: Ժամանակը ցույց կտա ծանծաղամտության և խորաթափանց նվիրումի, ավերումի և արարման ակնառու տարբերությունները, որոնց որակումները, ցավալիորեն, հաճախ ապացուցվում են շատ ավելի ուշ, քան ցանկալի է՝ երկարաձգելով ճշմարտության և արդարամտության գալուստն ու ճանաչումը՝ դասալիքների ժառանգներն ընդդեմ նվիրյալների հիշատակի սրբապղծման պարտությունը:
Միակուսակցական կայսրության պայմաններում իրենց կյանքն ու գործունեությունն իրացրած հանրության շրջանում բավական մեծ թիվ ու կշիռ են կազմում այն գործիչները, ովքեր լավագույն օրինակ կարող են ծառայել ցանկացած հասարակարգում: Ավելին, նրանց վիճակվել է գործել բարդագույն պայմաններում՝ հաղթահարելով թե իրենց գլխավերևում ճոճվող տիզբոնների դամոկլյան սրերը, թե տեղական զրպարտիչ-ստուկաչների մատնագրերը, որոնց քննությունն անցկացվում էր հույժ գաղտնիության հանձնարարականներով: Ամեն ոք յուրովի է պատկերացնում կյանքում իր դերակատարությունը՝ ի վերուստ սահմանված բնավորության, տեսակի շրջանակներում: Ջեմմա Անանյանի հավատամքն այդ առումով սեփական անձի գոյության իմաստավորումն է հասարակությանը պիտանիության և տիեզերական անսահմանության մեջ լուսավոր հետագիծ դրոշմելու նպատակայնությամբ, որը ապրելակերպ և իր անձի ներքին հարստության շռայլումն է մարդկանց, կյանքին, բնությանը:
Մեր օրերում ընթերցողի սեղանին պարբերաբար հայտնվում են նախորդ սերնդի պետական-քաղաքական գործիչների և մտավորականների հուշագրություններ, որոնցում հեղինակները հպարտորեն պատմության հիշողությանն են վստահում իրենց կյանքի պատմությունը, սերունդներին կտակում իրենց ծանրակշիռ, հաճախ անձնազոհության պատրաստ կյանքի դրվագներ, դեպքեր և իրադարձություններ, ազգին և պետությանը ծառայելու անօրինակ փաստեր, որոնք մերօրյա տեսանկյունից երբեմն կարող են թողնել ասք-հորինվածքի տպավորություն: Ասվածը կարոտախտի արտահայտություն չէ անցած-գնացած ժամանակաշրջանի հանդեպ, իսկ եթե կլինեն ընդդիմախոսներ, նշեմ, որ կարոտախտը մեր կողմից կարող է վերաբերել սոսկ մարդկային տեսակին: Դրանք հեղինակային վկայագրեր և արխիվային փաստանյութ են պատմությունը խորությամբ ճանաչելու և անաչառ վերլուծելու համար, քանի որ նախ և առաջ հեռու են կեղծիքից և զեղծարարությունից, որովհետև ներկա են դրանց մասնակիցներն ու ականատեսները, նաև տեսանելի տնկած ծառի պտուղները: Ջեմմա Անանյանի այս գրքի առանձնահատկություններից մեկն այն է, որ ոչ թե ինքն է իր մասին պատմողը, ոչ թե մեկ այլ հեղինակի ձեռամբ է գրվել գիրքը, այլ ամփոփում է բազմաթիվ անձանց, տարբեր խավերի, բնագավառների և կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքը, նրանց վերաբերմունքը: Դրանք հիմնականում առնչվում են տիկին Ջեմմայի կենսագրության մեջ կարևորվող մի քանի հանդիսությունների ընթացքում հնչեցված գնահատականների, մասնավորապես, իր ծննդավայր Իջևան քաղաքում կիսանդրու բացման արարողությանը, Հայաստանի ազգային գրադարանում նրա հոբելյանական հանդիսության և Ջեմմա Անանյանի հեղինակած «Հայոց օջախը՝ պատանդ» գրքի շնորհանդեսին, Զավեն Հարությունյանի «Կենտրոն» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Դիպված» հաղորդաշարի նրան նվիրված հատուկ թողարկմանը: Այս միջոցառումների ժամանակ հնչած ելույթների տեքստերը, մամուլի արձագանքները, նրան ձոնված ուղերձներն ու չափածո ստեղծագործությունները, նամակները, լուսանկարները, հոդվածներն արխիվային այն վավերագրերն են, որոնք պատմում են դրանց հասցեատիրոջ և նրա ապրած ժամանակի մասին, խոսուն և ամբողջական դարձնում անձնական արխիվի մաս հանդիսացող փաստանյութը: Հիշատակված փաստական իրողությունների և գնահատականների միջոցով ներկայացվում է մի ամբողջ դարաշրջան, որտեղ առանցքային գործունեություն է ծավալել հերոսուհին՝ խորհրդային, ապա անկախ պետականության անցման և հետխորհրդային, այսինքն, հայ ժողովրդի համար ճակատագրական և վճռորոշ իրադարձություններով հագեցած պատմական ընթացք՝ իր անսքող ճշմարտացիությամբ՝ հակոտնյա, հաճախ իրարամերժ իրավիճակներ, պատերազմի և խաղաղության հրամայականներ, և իր սկզբունքայնությանն ու հայրենապաշտությանն անդավաճան պետական-ազգային գործիչ Ջեմմա Անանյան: Մինչդեռ որքան տագնապներ, անհանգստություններ, հոգս և տառապանք է հաղթահարում հանդուգն և աննահանջ գործիչն ու միաժամանակ կանացի փխրուն և զգացմունքային հոգի ունեցող մարդն այդ ամենի տողատակերում՝ միայն ենթադրել կարելի է… Չէ՞ որ բարդ ու դժվարին, հաճախ անշնորհակալ գործ է արժանապատիվ սկզբունքայնությունդ և ազնվական տեսակդ պահպանելը, հղի խոցելիության սպառնալիքով բազմաթիվ ապաշնորհ և չկայացած նետաձիգների կողմից, որովհետև դու և Մայր հայրենիքիդ դուստրն ես, նաև ի պաշտոնե կրելով մարդկային բարձր պատասխանատվություն՝ նրա զավակների մայրը, նաև տիրուհի ես, որովհետև աղախնի խնամքով ես վարվում հանձնառությանդ հետ: Հետևողական և ազնիվ գործիչները, հատկապես խորհրդային շրջանի շատ պաշտոնյաներ և ղեկավարներ, հաճախ դիտարկվում են մեկ՝ ժխտողականության տեսանկյունից, որն անթույլատրելի և տգետ մոտեցում է, ոմանց համար էժանագին ինքնագովազդ և ինքնակայացման ձախողված ծկլտոց: Այդ հասարակության մեջ ձևավորվել և հասակ են առել գործիչներ, որոնց ավանդն անուրանալի է մեր պատմական առաջընթացի մեջ: Նրանք մնում են ըստ էության չարժևորված, նրանց խորթ է ինքնագովազդը, որովհետև այն որոշակի պայմաններում հակառակ՝ ինքնակործան հետևանք կարող էր ունենալ: Թեև նրանք, միգուցե, դրա կարիքն ամենևին չունեին կամ չունեն, որովհետև նրանց գնահատականը ժողովրդի սերն ու հարգանքն է, վեր ու բարձր ամեն մի շինծու կամ արհեստական փառասիրությունից:
Մարդը, որպես բնության կենդանի արարչագործություն, հավանաբար նմանության աղերսներ ունի բնության այլ ստեղծագործությունների հետ և, ինչպես ծառի մեծությունն է պայմանավորված իր՝ հարազատ հողում աճելու և արմատների խորությամբ, նույնպես մարդու արմատական տեսակն է իր հաստատակամությամբ կերտում իր ժամանակը և առաջ մղում այն: Ջեմմա Անանյանն իր ժամանակը կերտել է հայրենի Իջևան աշխարհում, հիմնել և իրականացրել բազմաթիվ քաղաքաշինական և հայրենական ձեռնարկներ ու կառույցներ, ապա իր ժողովրդի հավաքական ամբողջության հիմնախնդիրներով պայքարել հանուն Հայաստանի և հայ ժողովրդի՝ նրա արդարության և արժանապատվության, և դա արվել է ոչ թե տեսախաբկանքի պատրանքային հորինվածքների ապավինելով, ոչ թե գեղեցկախոսությամբ և հրապուրիչ ճառասացությամբ, այլ գործնականում, նաև կշեռքի նժարներին դնելով իր հետագա գործունեության պարագան: Նրա պաշտոնավարման տարիները նշանավորվել են շինարարական, հայրենի եզերքի կառուցապատման և այլ հանրային նշանակություն ունեցող մտահղացումների իրականացմամբ, սահմանային և հողատարածքային վեճերով և բախումներով, հարևան հանրապետության հետ սահմանակից շուրջ 100 կմ տարածքի պաշտպանության հիմնախնդիրներից մինչև մոսկովյան կենտրոնի սուր քննադատություն և ինքնաբացարկ… Ժողովածուն, ասես, անուղղակիորեն հիշեցնում է բոլոր ժամանակների՝ ներկա և գալիք պաշտոնյաներին հետադարձ հայացքի, ժողովրդական հիշողության և պատմության գրանցամատյանի, նզովքի և օրհնանքի մասին, մղում արժանապատվորեն ընկալելու մարդ արարածի ապրելու առաքելության խորքն ու իմաստը՝ թե դու անմարդաբնակ կղզու միակ բնակիչը չես, այլ քո երկրի տերն ու ծառան, և պարտավոր ես բծախնդրորեն և աներկբա կատարել և տիրոջ, և ծառայի պարտականություններդ: Թե չէ ներկայիս քանի ղեկավար և պաշտոնյա է ճանաչում իր բնակչին կամ աշխատակցին, ականջալուր է իր համերկրացու հոգսերին և անհանգստություններին և փորձում է նեցուկ լինել, քանի՞սը կարող են անվարան գրիչ վերցնել և անթաքույց, հանց ինքնախոստովանություն, պատմել, թե ինչ զոհաբերությունների կամ անձնական ռիսկերի միջոցով կարողացան վերարժևորել, այլ ոչ արժեզրկել մեր աստվածատուր միակ կյանքն ու իրենց գոյության անփոխարինելիությունը…
Փառք Աստծու, Ջեմմա Անանյանի մասին գրվել է նաև գիրք, որում Աշխեն Աբազյանն ամենայն պատասխանատվությամբ և բծախնդրությամբ ներկայացրել է Ջեմմա Անանյան մարդուն, քաղաքացուն և գործչին, թեև, կարծում եմ նրա մասին պատմելիքն ու ասելիքն անսպառ է, մանավանդ, եթե փաստական նյութն ամբողջացվի հույզերով, մտորումներով, նրա յուրաքանչյուր նախաձեռնությունն իր համակողմանի մանրամասն պատկերումով: Այդ առումով Աշխեն Աբազյանի «Կանաչ կանգառ» վավերագրությունը Ջեմմա Անանյանի կյանքի և գործունեության մեկ հանգրվանի մասին պատում է՝ վարպետորեն միահյուսված նրա անցած ուղու դրվագներին: Նա ինքը հեղինակել է «Հայոց օջախը՝ պատանդ» ինքնակենսագրական երկը, որում առաջին ձեռամբ է ներկայացվում հարազատ բնակավայրի հանդեպ նրա անմնացորդ սերը, նպատակները կենսագործելու անսանձ մղումը, այլևայլ գաղափարներ, որոնք կյանքի կոչելու համար մեկ հոգին և մեկ կյանքը բավական չեն, իսկ անամոք վերքը շարունակում է ծխալ նրա մտքում և հոգում՝ Հայոց օջախը շարունակում է մնալ օտարի ձեռքին:
«Ապրելու երաշխիքը» անկեղծ և անկաշառ գնահատականների և երախտագիտության ժողովածու է մի մարդու մասին, ով այլևս չի պաշտոնավարում, հետևաբար բացառվում են քծնանքն ու շինծու հաճոյախոսությունը, և այդ գնահատականների համահավաքն ի վերջո ձեռք է բերում ըստ իս մի բացառիկ կարևոր խորհուրդ՝ որպես դասագրքային հանձնարարական ընթերցողին, ինչու ոչ, նաև բոլորիս՝ դա իմաստավորված, կյանքն ինքնանվիրումով ապրելու պատգամն է հանուն ամենայն բարիքի արարման, որին ենթարկվելու դեպքում նման հրատարակությունները ոչ թե եզակի, այլ բազմաթիվ կլինեն, իսկ կյանքը գեղեցկորեն կհագենա նման օրինակելի անձանցով, կպահպանվի մարդ տեսակն իր հոգևոր հարուստ բազմազանությամբ, հասարակությունը կապրի միասնաբար միմյանց զորավիգ լինելու և գրագիտորեն առաջ ընթանալու տրամադրություններով: Հայրենի հող, հավատք, գիր և հիշողություն… Հավերժական երևույթներ իրենց մշտական բանաձևերով, որոնց տիրապետելով և կիրառմանը նախանձախնդիր լինելով վերծանվում է իսկական մարդու և քաղաքացու կերպարը, ով իր գոյությամբ նոր որակներ է ներարկում հասարակությանը: Նման գործիչների կյանքում սովորաբար գերիշխում են սեփական գործունեության հանդեպ անբավարարությունը, ավելին իրականացնելու ձգտումը, իրականացրած ծրագրերի և երազանքի անավարտությունը: Այդպիսին է Ջեմմա Անանյան մարդն ու քաղաքացին՝ հայ կնոջ հպարտ ու արժանապատիվ առաքինություններ կրող պետական-ազգային գործիչը:
Ավարտելով տպավորություններս ժողովածուի մասին թղթին հանձնելը՝ վերադառնամ խոսքիս սկզբին. կարդալով այս գիրքը Ջեմմա Անանյանի մասին՝ կարդում ես նրան, նրա կյանքի պատմությունը՝ պայքարի, ընդվզման և արարման, ոգեղեն հզորության և հպարտանում ես, որ ճանաչեցիր նրան, որ ճանաչում ես նրան, և դրանով հանդերձ պարտավորվում երբեք, նույնիսկ փակուղային իրավիճակներում, չվհատվել և չհուսալքվել, այլ շարունակել կամ ձեռնամուխ լինել բազմաթիվ հիմնախնդիրների հաղթահարմանն ու լուծմանը, Հայոց օջախում խարիսխդ ձգելու և պահպանելու հրամայականին, իսկ գրասեղանիս նրա վայելչագիր Տարեմուտի բացիկն է, որը հորդորում է Մեծ լոռեցու պատգամը՝ Գլխովը շատ ամպեր կանցնեն, Սարը միշտ կա անսասան, որը ցանկանում եմ ընթերցողին հղել մի փոքր ձևափոխելով՝ ՍԱՐ ՄՆԱՑԵՔ…
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ